Скрыть
16:0
16:1
16:4
16:9
16:11
16:12
16:13
16:15
16:16
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ
Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան տասնեօթներորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովաթամի որդի Աքազը:
Աքազը քսան տարեկան էր, որ թագաւորեց եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում: Նա հաւատարիմ չգտնուեց Տէր Աստծու առջեւ, ինչպէս հաւատարիմ էր եղել իր նախնի Դաւիթը,
այլ գնաց Իսրայէլի արքայ Նաբատի որդի Յերոբովամի ճանապարհով: Նա իր որդուն կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորութեան, որոնց Տէրն իսրայէլացիների առջեւից հալածել էր:
Նա զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքների մեհեաններում, բլուրների վրայ ու ծառախիտ անտառներում:

Այն ժամանակ ասորիների արքայ Ռասոնը եւ Ռոմելիայի որդի Իսրայէլի թագաւոր Փակէէն ելան Աքազի դէմ պատերազմի ու պաշարեցին Երուսաղէմը, սակայն պատերազմը շարունակել չկարողացան:
Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան Ելաթը վերադարձրեց ասորիներին, իսկ հրեաներին հանեց Ելաթից: Եդոմայեցիները եկան Ելաթ եւ այնտեղ են բնակւում մինչեւ այսօր:
Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ: Արի՛ եւ փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայէլի արքայի ձեռքից, որոնք ինձ վրայ են յարձակուել»:
Աքազը Տիրոջ տանն ու թագաւորի տան գանձարանում գտնուող արծաթն ու ոսկին առաւ եւ ուղարկեց Ասորեստանի արքային որպէս պարգեւ:
Ասորեստանի արքան անսաց նրան, ելաւ Դամասկոսի դէմ ու գրաւեց այն, բնակիչներին գերեվարեց Կիւրէն, իսկ Ռասոնին սպանեց:

Աքազ արքան գնաց Դամասկոս, Ասորեստանի Թագղաթփաղասար արքային հանդիպելու: Նա տեսաւ Դամասկոսում եղած զոհասեղանը, այդ զոհասեղանի օրինակն ու ձեւերը բոլոր մանրամասներով ուղարկեց Ուրիա քահանային:
Ուրիա քահանան կառուցեց զոհասեղանը ըստ այն օրինակի, որ Աքազ արքան ուղարկել էր Դամասկոսից: Մինչեւ Աքազ արքայի Դամասկոսից վերադառնալը Ուրիա քահանան պատրաստեց դա:
Երբ արքան տեսաւ զոհասեղանը, մօտեցաւ դրան, զոհեր մատուցեց նրա վրայ, իր ողջակէզներն այրեց,
իր ընծաները նուիրեց, զոհասեղանի վրայ թափեց խաղաղութեան զոհերի արիւնը:
Տիրոջ առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջեւից, ու դրեց նոր զոհասեղանից հիւսիս:
Աքազ արքան պատուէր տուեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրայ պէտք է մատուցես առաւօտեան ողջակէզը եւ երեկոյեան զոհաբերութիւնը, արքայի ողջակէզն ու նրա զոհաբերութիւնները, երկրի ժողովրդի ողջակէզները, զոհաբերութիւններն ու ընծաները: Բոլոր ողջակէզների ու զոհաբերութիւնների արիւնը նրա վրայ պէտք է թափես, իսկ պղնձէ զոհասեղանն իմ տրամադրութեան տակ պէտք է լինի առաւօտեան»:
Ուրիա քահանան ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս նրան պատուիրել էր Աքազ արքան:
Աքազ արքան կոտրեց անուաւոր խարիսխները, փոխադրեց լուացարանները, ձուլածոյ աւազանն իջեցրեց իր տակ գտնուող տասներկու պղնձէ ցուլերից ու դրեց քարէ յատակի վրայ:
Նա, ի պատիւ Ասորեստանի արքայի, Տիրոջ տան մէջ գահի համար մի պատուանդան դրեց եւ թագաւորական տան արտաքին մուտքը դարձրեց Տիրոջ տան կողմը:

Աքազի կատարած մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Եզեկիան:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible