Скрыть
1:0
1:1
1:2
1:3
1:4
1:5
1:6
1:7
1:8
1:9
1:10
1:11
1:12
1:13
1:14
ԱՆՏԻՈՔՈՍԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ
Փիլոպատորը իր մօտ վերադարձողներից տեղեկացաւ, որ Անտիոքոսը գրաւել է իր հողերը եւ այդտեղերից հեռացրել իր զինուորներին: Ժամկէտ նշանակեց, հրաման տուեց իր ամբողջ զօրքին՝ հետեւակներին ու հեծեալներին, հետը վերցրեց իր քոյր Արսինոյէին, գնաց հասաւ ռափայեցիների կողմերը, ուր հասել ու բանակ էր դրել նաեւ Անտիոքոսն իր ամբողջ զօրքով:
Թէոդոտոս անունով մէկը մտաբերեց, որ իրեն գործ են յանձնարարել, վերցրեց իր ձեռքի տակ եղած զօրքը եւ գաղտնի զինուեց: Գիշերով նա հասաւ Պտղոմէոսի վրանը, որ ներս մտնի, նրան այնտեղ սպանի ու միայնակ լուծի պատերազմի հարցը: Նրան առաջնորդում էր Դոսիթէոս անունով մի հրեայ, որն ուրացել էր իր նախնիների կրօնը: Այդտեղ՝ վրանում, արագ-արագ հանգցնում էին լոյսերը: Երբ մարտը բորբոքուեց, եւ Անտիոքոսի գործերը յաջողուեցին,
Արսինոյէն անմիջապէս վեր կացաւ, ողորմաձայն լալով, մազերն արձակելով զօրքերին աղաչեց, որ նրանք այսուհետեւ իրենց ու իրենց որդիների համար կռուեն, եւ եթէ կարողանան յաղթանակ տանել, ապա խոստանում էր նրանցից ամէն մէկին երկուական ոսկի մնաս տալ: Այնպէս պատահեց, որ Անտիոքոսն ու իր զօրքը սկսեցին նեղել թշնամուն: Նրանք ոմանց կոտորեցին, ոմանց գերեվարեցին:

Երբ իր ծրագրած գործն այսպէս իր ձեռքով բարեյաջող աւարտ ունեցաւ, Անտիոքոսը որոշեց գնալ այցելել իր շրջակայքում գտնուող քաղաքները եւ քաջալերել բնակիչներին: Նա ի կատար ածեց իր որոշումը. պաշտամունքի բոլոր վայրերին նուէրներ տուեց, իր շուրջը համախմբեց ոգեւորուած ու քաջալերուած մարդկանց:
Եբրայեցիները ժողովրդի միջից ծերեր ուղարկեցին նրան ողջոյն հաղորդելու, զոհեր մատուցելու, յաղթանակի առթիւ ուրախութիւն յայտնելու համար: Եւ նա նրանց յայտնեց, որ սիրով յանձն է առնում գնալ նրանց մօտ: ՀՐԵԱՆԵՐԸ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԱՆՏԻՈՔՈՍԻՆ ՄՏՆԵԼ ՍՐԲԱՐԱՆ
Երբ մեծ շուքով ու հանդիսաւորութեամբ նա եկաւ հասաւ Երուսաղէմ, մեծ Աստծուն ողջակէզներ մատուցեց, գոհութիւն յայտնեց ու շնորհակալ եղաւ: Նա ուզում էր այդ վայրում մի ծէս եւս կատարել: Երբ եկաւ հասաւ սուրբ վայրը, զարմացաւ տաճարի գեղեցկութեան ու շքեղութեան, նրա սպասքի վրայ, ապա ցանկութիւն յայտնեց մտնել նաեւ սրբարանից ներս:
Հրեաները առաջը կտրեցին եւ յայտնեցին, որ պատշաճ ու յարմար չէ այդ բանն անելը, որովհետեւ հրեաներն իրենք անգամ իրաւունք չունեն մտնել այնտեղ: Նոյնիսկ քահանաները չեն կարող մտնել այնտեղ, այլ միայն՝ քահանայապետը, այն էլ տարին միայն մէկ անգամ:
Նա, սակայն, չնահանջեց: Թէեւ բերեցին օրէնսգիրքը, կարդացին նրա առաջ, բայց նա չհրաժարուեց. յամառում, պնդում էր, որ իրեն ներս թողնեն: «Եթէ ուրիշներին արժանի չէ ներս մտնել, ապա ինձ, - ասում էր, - արժանի է, պէտք է տրուի այդ պատիւը:
Հապա ինչպէ՞ս է, - ասաց, - որ պաշտամունքի անխտիր բոլոր վայրերը համարձակ մտել եմ, եւ ոչ ոք ինձ չի արգելել»: Այդտեղից մէկը համարձակօրէն խօսեց ու ասաց. «Ինչո՞ւ ես յամառելով պնդում: Մի՞թէ չի կարող լինել այնպիսի մի տեղ, ուր պատշաճ չէ մտնել»: Սա պատասխանեց. «Ո՛չ, հնար չկայ, ուզում էք թէ չէք ուզում, ես մտնելու եմ»:

Թանկարժէք զգեստներ հագած բոլոր քահանաներն այդտեղ ընկան գետին, սողում էին ու աղաչում Աստծուն, որ օգնի իրենց եւ յետ կանգնեցնի նրան իր մտադրութիւնից: Նրանք տաճարը աղաղակով, լացուկոծով լցրեցին: Մնացած քաղաքացիներն էլ յուզուած ու շտապ այդտեղ հասան: «Ի՞նչ է պատահել», - շշնջում էին նրանք: Կուսանոցների կոյսերը մայրապետների հետ փողոցներ դուրս եկան: Նրանք հող էին ածում իրենց գլխին, քաղաքը լցնում իրենց ճիչ ու աղաղակով:
Իրենց առագաստներում պառկած նորահարսերը, իրենց պատշաճ ամօթը մոռացած, համարձակ քայլուածքով դէպի քաղաքամէջ էին շտապում: Նոյն ձեւով դեռատի մայրերն իրենց երեխաներով, երեխաների հոգսերը մոռացած, խելայեղօրէն վազում էին արտերի միջով առանց յետ նայելու, որպէսզի հաւաքուեն սրբազան տաճարի մօտ: Հազարաւոր մարդիկ հաւաքուեցին այստեղ, որպէսզի աղօթք անեն, որովհետեւ նա որոշել էր իր կեանքը վտանգի ենթարկելով՝ անօրէնութեամբ տաճարից ներս մտնել: Դրա համար էլ քաղաքացիները բարկացել էին եւ չէին հաշտւում այդ սրբապիղծ մարդու բռնութեան հետ:

Երբ տեսան, որ հաստատապէս ու յամառօրէն ուզում է իր կամքը կատարել, միմեանց ձայն տուեցին, ամէն մէկն իր զէնքը վերցրեց, որպէսզի կազմ ու պատրաստ լինի կռուի եւ մեռնի յանուն նախնիների հաւատի ու հայրերի օրէնքների: Այդտեղ նրանք մեծ խռովութիւն բարձրացրին, բայց ժողովրդի միջից ծերերը հազիւ կարողացան ամբոխին հանդարտեցնել եւ կռուի պատրաստուածներին ժողովարան վերադարձնել: Նոյնն արեց նաեւ քաղաքի զօրքը:
Թագաւորի մօտ գտնուող ծերերն ու մեծամեծները աշխատում էին այդ գոռոզի միտքը փոխել, բորբոքուած յամառութիւնը կոտրել: Նա, սակայն, չէր ընկրկում. յամառօրէն պահանջում էր կատարել նախապէս յայտնած իր կամքը:
Նրա մօտ գտնուողները երբ տեսան նրա յամառութիւնը, վերադարձան ժողովարան՝ Ամենազօր Աստծուն աղաչելու, որ զօրավիգ լինի իրենց, որ չարհամարհի, աչքաթող չանի իրենց ու չթողնի, որ նա ամբարտաւանութեամբ ոտնահարի իրենց օրէնքն ու կրօնը: Հաւաքուած ժողովուրդն այսպէս անընդհատ սրտակեղեք աղաղակ էր բարձրացնում: Սոսկալի աղմուկ բարձրացաւ, եւ թւում էր, թէ ոչ միայն մարդիկ են աղաղակում, այլեւ պարիսպներն ու գետինն են ձայն տալիս: Բոլորը գերադասում էին մեռնել, քան սրբարանը պղծուած տեսնել:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible