Скрыть

Թագաւորութիւնների 2, Глава 1

Толкования
Толкования главы
    1:0
    1:3
    1:5
    1:6
    1:7
    1:8
    1:9
    1:10
    1:12
    1:13
    1:16
    1:17
    1:19
    1:23
    1:24
    1:25
    1:27
    ԴԱՒԻԹՆ ԻՄԱՆՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻ ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ
    Սաւուղի մահուանից եւ ամաղէկացիներին կոտորելուց յետոյ Դաւիթը վերադարձաւ եւ երկու օր մնաց Սիկեղակում:
    Երրորդ օրը Սաւուղի բանակատեղիից մարդ եկաւ, որի հագուստները պատառոտուած էին, իսկ գլխին հող էր ածուած: Երբ նա Դաւթի մօտ մտաւ, գետին ընկաւ ու խոնարհուեց նրա առաջ:
    Դաւիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»: Նա պատասխանեց. «Փախել եմ Իսրայէլի բանակատեղիից»:
    Դաւիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»: Մարդն ասաց. «Ժողովուրդը պատերազմի դաշտից փախաւ, շատերը վիրաւոր ընկան ու մեռան: Մեռան նաեւ Սաւուղն ու Յովնաթանը»:
    Դաւիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ի՞նչ գիտես, որ Սաւուղն ու նրա որդի Յովնաթանը մեռան»:
    Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպուածով Գեղբուա լերան վրայ էի գտնւում եւ ահա տեսայ, որ Սաւուղն ընկել էր իր նիզակի վրայ, եւ թշնամու մարտակառքերն ու հեծեալների զօրավարները հասել էին նրան: Նա յետ նայեց եւ ինձ տեսնելով՝ իր մօտ կանչեց:
    Ասացի. “Ահա այստեղ եմ”:
    Նա ասաց ինձ. “Ո՞վ ես դու”: Ասացի՝ “Ամաղէկացի եմ”:
    Նա ասաց ինձ. “Խոցի՛ր ու սպանի՛ր ինձ: Խաւարն է պատել ինձ, բայց շունչս դեռ վրաս է”:
    Խոցեցի ու սպանեցի նրան, որովհետեւ գիտէի, որ նիզակի վրայ ընկնելուց յետոյ չէր ապրելու: Առայ նրա գլխից թագը, ապարանջանները՝ նրա բազկից եւ դրանք բերեցի այստեղ՝ իմ տիրոջը»:
    Դաւիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց: Իրենց հագուստները պատառոտեցին նաեւ նրա մօտ գտնուող մարդիկ:
    Նրանք ողբացին, լաց եղան ու մինչեւ երեկոյ ծոմ պահեցին սրով ընկած Սաւուղի, նրա որդի Յովնաթանի, Յուդայի երկրի ժողովրդի ու Իսրայէլի տան համար:

    Դաւիթն ասաց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց ես դու»: Մարդն ասաց. «Մի պանդուխտ ամաղէկացու որդի եմ ես»:
    Դաւիթն ասաց նրան. «Ինչպէ՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծեալին»:
    Դաւիթն իր ծառաներից մէկին կանչելով՝ ասաց. «Մօտեցի՛ր ու սպանի՛ր սրան»: Նա հարուածեց, ու մարդը մեռաւ:
    Դաւիթն ասաց նրան. «Քո արիւնը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայութիւն տուեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծեալին”»: ԴԱՒԹԻ ՈՂԲԸ ՍԱՒՈՒՂԻ ԵՒ ՅՈՎՆԱԹԱՆԻ ՀԱՄԱՐ
    Դաւիթը Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի վրայ այս ողբը յօրինեց եւ պատուիրեց այս ողբը ուսուցանել Յուդայի երկրի աղեղնակիրներին:
    Այն գրուած է Արդարութեան գրքում:
    Բլուրների բարձունքներում իբրեւ արձան կանգնի՛ր, Իսրայէ՜լ,
    վիրաւոր ընկած քո զօրաւոր որդիների համար:
    Մի՛ յայտնէք Գէթում եւ լուր մի՛ տարածէք Ասկաղոնի փողոցներում,
    որ այլազգիների դուստրերը երբեք չհրճուեն,
    եւ անթլփատների դուստրերը չցնծան:
    Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրայ ցօղ չիջնի,
    անձրեւ չգայ ձեզ վրայ,
    եւ ոչ էլ պտղատու այգիներ լինեն:
    Քանզի այստեղ է, որ հզօրների վահանը ջարդուեց,
    Սաւուղի վահանը չօծուեց իւղով:
    Յովնաթանի աղեղը զուր յետ չքաշուեց վիրաւորների արիւնից ու հզօրների ճարպից,
    իսկ Սաւուղի սուրը դատարկ պատեան չդրուեց:
    Սաւուղն ու Յովնաթանն իրենց կենդանութեան ժամանակ միմեանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ,
    իրենց մահուան ժամանակ էլ իրարից չբաժանուեցին:
    Արծիւներից աւելի թեթեւաշարժ էին,
    առիւծներից աւելի զօրեղ:
    Իսրայէլի դուստրե՜ր, լա՛ց եղէք Սաւուղի վրայ,
    լա՛ց եղէք նրա վրայ, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում,
    ձեր հագուստների վրայ ոսկէ զարդեր էր գցում:
    Հզօրներն ինչպէ՞ս ընկան պատերազմի մէջ:
    Յովնաթա՜ն, քո բարձունքների վրայ խոցուեցիր:
    Ցաւում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Յովնաթան:
    Ինձ շատ սիրելի էիր, քո սէրը կանանց սիրուց բարձր էր:
    Ինչպէ՞ս ընկան հզօրները, եւ ջարդուփշուր եղան ռազմի գործիքները:

    Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
    Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
    Цитата из Библии каждое утро
    TG: t.me/azbible
    Viber: vb.me/azbible